BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Հայացք կյանքին՝ ապրեցնող ու պայծառ

Հայացք կյանքին՝ ապրեցնող ու պայծառ
10.05.2017 | 10:29

Արձակագիր, մանկավարժ, լրագրող ՄԵԼԱՆՅԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ նոր պատմվածաշարն է լույս տեսել՝ նրա արդեն երրորդ ժողովածուն: Հեղինակն այն անվանել է «Ոստիկանը». առանցքում մերօրյա ոստիկանի հաջողված, ավարտուն կերպարն է: Այս անգամ դետեկտիվ ժանրի պատումներ են, որ շատ քիչ են մեր այսօրվա արձակում կամ գրեթե չկան: Ժամանակին Վիկտոր Բալայանինն էին դետեկտիվի դափնիները: Հիշեցի. նա պատմում էր, որ այս ժանրին դիմելուց առաջ ինքը մոտիկից տևաբար ուսումնասիրել է հանցագործ աշխարհի բարքերը, նույնիսկ օրեր է անցկացրել բանտախցում՝ այնտեղի մարդկանց ճանաչելու և հասկանալու համար։


Մելանյա Պետրոսյանցի ոստիկանական պատմվածաշարը նույնքան իրական ու հավաստի է, թեև առանց այդ դժվարին փաստահավաք փուլի է գրվել: Ժողովածուն հայտնվել է ոստիկանական համակարգի ուշադրության կենտրոնում. գրքի համար փոքրիկ նախաբան է գրել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա այս գիրքը համարել է «դրսից՝ հանրային հայացքով ոստիկանին ու ոստիկանությունը գնահատելու հետաքրքիր փորձ»:

Եվ արդիական ու հրատապ է համարել, որ հեղինակը կարողացել է տեսնել «ոստիկանի առաքելությունը՝ մարդասիրությունը, հանցագործի և քաղաքացու, մարդու և մահվան միջև կանգնելու մշտական պատրաստակամությունը»։ Սա ցանկալին է, իհարկե, իսկ իրականում մեր անկախության տարիների բոլոր դժվար պայքարներում՝ մարդու իրավունքների համար, ոստիկանի կերպարն իր իսկ գործելակերպի արդյունքում ավելի հաճախ ընկալել ենք որպես մարդու հոգս ու ցավին անհաղորդ, հրաման կատարող ռոբոտի։ Այս համակարգը, որի հիմնական գործառույթը քաղաքացու անվտանգության ապահովումն է, պատժիչ գործիք ու բռնության մահակ է դարձել իշխանության ձեռքին՝ ժողովրդի դեմ: Մելանյա Պետրոսյանցի պատմվածքներում, սակայն, հատկապես միջին օղակներում, ոստիկաններն իրենց համազգեստի պատիվը գնահատող, գրագետ, արժանապատիվ մարդիկ են, պրոֆեսիոնալներ, որ խղճի հետ գործարքի չեն գնում։ Եվ չի բացառվում իսկապես, որ ինչպես ամենուր, այստեղ նույնպես լավն ու վատը կան, կողք կողքի՝ մրցակից ու անբաժան: Հեղինակին, սակայն, հաջողվում է նրբորեն խուսափել իրավապահին մեր այսօրվա ընկալումներին հակառակ իդեալականացնելուց. այստեղ նրան օգնում է իրեն հատուկ չափի զգացումը, որ տաղանդին հավասար շնորհ եմ համարում։ Նա թիկունքին ամեն պահ զգում է զգայուն ընթերցողի իրատես և գնահատող ներկայությունը: Եվ քանի որ լավ է ճանաչում մարդկանց, իր հերոսները նույնպես բնական ու համոզիչ են, կյանքը՝ ինչպես որ կա, ուր չի կարող ամեն ինչ դրական ու հարթ ընթանալ։ Մի դրվագում, օրինակ, բարձրաստիճան իրավապահն է հենց գործարքի գնում հանցագործների հետ և հովանավորում նրանց, իսկ նրա ենթական նաև նրա՛ դեմ է ստիպված պայքարում ՝ գործը բացահայտելիս։ Չէ՞ որ միշտ մեծ է օրենքը շրջանցելու գայթակղությունը, երբ ի պաշտոնե մարդկային ճակատագրեր ես տնօրինում։


Մելանյա Պետրոսյանցի այս պատմվածքները կարդում ես մի շնչով և ավարտում, ասես ֆիլմի տեսաշար ես դիտում կամ ներկա ու մասնակից ես իրադարձություններին։ Անտեսանելի հասունացող ինտրիգը՝ թեթև ու սահուն, հայացքդ գամում է տողերին, սրընթաց տանում քեզ մինչև վերջ, մինչև սյուժեի հանգուցալուծում։ Երբեմն այն դրական է, երբեմն էլ հերոսը կործանվում է հենց ամենակարևոր պահին, երբ այնքա՜ն մոտ է երջանկությունը: Եվ ընթերցողն էլ նրա հետ ապրում է այդ ամբողջ դրաման, սպասում, հուսախաբվում, ափսոսում։ Որքան շատ է դրամատիզմն արվեստի ցանկացած գործի մեջ, այնքան հուզում է, տպավորիչ է, հիշվող: Այս պատումները հենց այդպիսին են՝ հուզական ու խոր, շեշտված են մարդն ու մարդկայինը: Հաճախ բացասական հերոսին, որ գողական աշխարհի ազդեցիկ դեմք է՝ հանցագործ մարդասպան, դժվարանում ես ընկալել որպես այդպիսին, որովհետև նրա մարդկային ճակատագիրն ու ապրումները հուզում են, ցավում ես իր համար, ցանկանում փրկության ձեռք մեկնել։ Այսպես գրելու համար ոչ միայն ճկուն լեզու և միտք է պետք, այլև գիտելիքներ, վառ երևակայություն, քրեական աշխարհի բարքերին լավ ծանոթ ու իրազեկված լինել է պետք։ Այդ ամենի պակասը չունի Մելանյա Պետրոսյանցը: Այս պատումների արժանիքը մարդու ցավի հանդեպ զգայուն լինելն է, աշխարհին ու կյանքին հպարտ ու շիտակ, լավատեսորեն նայելը, մաքուր ու բարձր արժեքներ փոխանցելը։ Ազնիվ ու կենսահաստատ գրականություն է Մելանյա Պետրոսյանցի արձակը. ցավում ես մարդու կորուստների համար, ոգևորվում՝ կործանվողի վերածնվելու հույսով։ Սա հայացք է կյանքին՝ ապրեցնող ու պայծառ:


Կարինե ՎԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 882

Մեկնաբանություններ